Հանուն Հո՛ր և Որդվո՛ և Հոգվո՛ւյն Սրբո, Եվ Լույսի` չարիքի հետքերը սրբող, Եվ մաքրագործող անբասիր Ոգո՛ւ, Որ բուժո՜ւմ է ու վերքե՜րն ամոքում, Որ ներշնչում է Հո՜ւյս, Հավա՜տ ու Սե՜ր Եվ մութ հոգու մեջ վառում է լույսե՜ր:
Աղոթում եմ Քեզ, Հա՛յր մեր երկնային, Այս նվիրական, անձնական պահին, Երբ հաղորդակից դարձրել ես հոգուս, Քո հավերժական Լույսի՜ն դրախտային, Երբ իմ խոսքերը ծնվում են հիմա` Սեր խոստովանելով լուսե Բարձրյալին, Երբ պարզորոշ են դառնում, ակամա, Անբացատրելին ու անիմանալին:
Տե՛ր` իմ ոգեղեն խանդավառության, Տե՛ր` իմ հավատքի` զորեղ, անկոտրում, Պարգևիր մեզ Սե՜ր` պտո՜ւղ Էության, Պահպանիր խնդրում եմ Սե՜րը մեր սրտում:
Թո՛ղ, որ Արարչի քո մաքո՜ւր Լույսով, Մի՛շտ անէանան շողքերը չարի, Թո՛ղ, որ կենսատու, անսահման Հույսով Մեր գոյությունը Բարի՜ն արարի:
Քո մաքրագործող Հավատքով լուսե Ներդաշնակ ապրենք Մայր Բնության հետ, Եվ կարողանանք տեսնել ու լսել` Արժեվորելով Ճշմարիտն հավետ:
Ես խնդրում եմ Քեզ՝ պահպանիր Կյա՜նքը, Իմաստավորիր Գո՛յը երկրային, Որ վայելելով կյանքի հմա՜յքը,
Միշտ արժանանանք Լույսի՜ն երկնային: