Մարսողական համակարգի ակտիվության անկումը որպես կանոն լինում է ախտանշան, որը վկայում է որոշակի առողջական խնդիրների մասին: Մարսողության գործընթացների դանդաղումը չի համարվում առանձին հիվանդություն, սակայն, այնուամենայնիվ, այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Դանդաղ մարսողությունը կապված է աղիների շարժողական ակտիվության անկման հետ, ինչի հետևանքով հիվանդի մոտ հաճախ նկատվում է փորկապություն ու որովայնի ցավեր: Նման խնդիրների դեպքում պինդ կղանքի պատճառով հաճախ են առաջանում այնպիսի բարդություններ, ինչպիսին են թութքն ու աղիների մկանների ցավոտ կծկումները:
Մարսողական համակարգի աշխատանքի դանդաղելու մասին են վկայում այնպիսի ախտանշանները, ինչպիսին են.
հազվադեպ աղիները դատարկելու ցանկությունը,
կղանքի չափազանց փոքր քանակությունը,
փորափքանքն ու որովայնի ցավերը,
սրտխառնոցը:
Ինչով է պայմանավորված նման խնդիրը
Մասնագետների խոսքով՝ մարսողական համակարգի աշխատանքի դանդաղելը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով: Երբեմն այն պայմանավորված է լինում հիվանդությամբ, իսկ երբեմն էլ ֆիզիկական խանգարումներով (կպումներ կամ ուռուցքներ), ուստի մինչ խնդրի դեմ միջոցներ ձեռնարկելը հարկավոր է նախ պարզել դրա պատճառը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի գործոն, որոնցով կարող է պայմանավորված լինել դանդաղ մարսողությունը:
Լուծողական դեղամիջոցների ընդունում
Երկար ժամանակ լուծողական դեղամիջոցներ ընդունելու դեպքում մարդու աղիները հաճախ «հրաժարվում են» գործել առանց հավելյալ օգնության, ինչն էլ հանգեցնում է մարսողական համակարգի աշխատանքի դանդաղման:
Մանրաթելերի գործածություն
Մանրաթելերով հարուստ մթերքն օգնում է բուժել փորկապությունը, սակայն այս տարրերի չարաշահումը կարող է խնդիրներ առաջացնել: Բանն այն է, որ մանրաթելերն ուռչում են աղիներում և ավելացնում են կղանքի քանակությունը, իսկ մարսողական համակարգը երբեմն չի կարողանում այն յուրացնել ու դուրս բերել օրգանիզմից:
Գրգռված աղիքի համախտանիշ
Այս համախտանիշն առաջացնում է փորկապություն, գազերի կուտակում, փորլուծություն և մարսողական այլ խնդիրներ: Ընդ որում՝ բժիշկներն առ այսօր չեն հասկացել, թե ինչը կարող է նման տհաճ խնդրի զարգացման պատճառ պատճառ:
Վահանագեղձի հիվանդություններ
Վահանագեղձի ակտիվության նվազման կամ հիպոթիրեոզի դեպքում շատերի մոտ նկատվում է քրոնիկ փորկապություն ու մարսողության դանդաղում:
Նյարդերի վնասվածք
Աղեստամոքսային տրակտում որոշ նյարդերի վնասվածքները նույնպես կարող են դանդաղեցնել մարսողությունն ու նման տհաճ ախտանշաններ առաջացնել: Նման վնասվածքները, մասնավորապես, կարող են կապված լինել նյարդաբանական վնասվածքներով, օրինակ՝ գանգուղեղային տրավմայով:
Բացի այդ, մարսողական համակարգի ակտիվության անկումը կարող է պայմանավորված լինել ուղիղ աղիքում կամ հետանցքում անոմալիաների առկայությամբ, կոնքի հատակի մկանների դիսֆունկցիայով և հետանցքի մկանների վնասվածքներով: Որոշ դեպքերում մարսողական խնդիրները վկայում են թուլամտության մասին, ինչը կարող է շատ վտանգավոր լինել:
Մարսողական համակարգի աշխատանքի դանդաղումը կարող է լինել բավական վտանգավոր խնդրի ախտանշան, ուստի դրա բուժումը կախված է հիմնական հիվանդությունից: Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել մասնագետին և բուժզննում անցնել, քանի որ անուշադրությունը կարող է անգամ ճակատագրական լինել: