Հոգեբանները մի քանի խորհուրդ են տալիս ֆիզիկապես հոգնած մայրիկներին, որոնց նյարդայնացնում է ցանկացած բան, այդ թվում նաև սեփական երեխայի պահվածքը

Մայրերը հազվադեպ են խոստովանում, որ իրենց դժվար է մայր լինելը և, որ սոցցանցերում հրապարակած երջանիկ ընտանեկան նկարների հետևում միապաղաղ առօրյան է թաքնված, բարկությունը երեխաների աղմուկի, տան մշտական թափթփվածության պատճառով և նրա համար, որ երեխան հավակնում է մոր ժամանակի 100 %-ին: Positive-ը խորհուրդ է տալիս չանտեսել ձեր հույզերն ու զգացմունքները, այլ ուշադիր վերաբերվել դրանց: Ահա մի քանի միջոց, հաղթահարելու այն վիճակը, երբ ծնողական էներգիան զրոյի է հասնում:

1. Ինչպես է արտահայտվում ծնողի սպառվածությունը

Երեխայի ծնունդից հետո ցանկացած ծնող հասկանում է, որ այլևս իրեն չի պատկանում: Օրինակ, ուզում էիք լոգանք ընդունել, փոքրիկը զարթնում է: Կարծես, սարսափելի բան չկա, բայց երբ նման իրավիճակներն անընդհատ են կրկնվում, ապա հոգնածություն է կուտակվում, որը ժամանակի ընթացքում կարող է վերածվել նյարդային հյուծվածության, երբ ոչինչ անել չես կարողանում, ոչնչի ուժ չունես, իսկ երեխան անվերջ ուշադրություն է պահանջում:

Քրոնիկ հոգնածությունը կարող է բերել զգայական սպառվածության: Այս վիճակը ներառված է Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ և մի քանի փուլեր ունի՝ մանրուքների պատճառով նյարդայնանալուց մինչև լիակատար ապատիա: Եվ թեպետ ունիվերսալ միջոցներ սրանից ազատվելու չկան, սակայն քայլեր, որ պետք է ձեռնարկեք, կան:

2. Հավաքեք ձեզ

Հարցրեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս կարող եք հոգ տանել ձեզ համար, ինչ անել, ոչ թե որովհետև պետք է, այլ որովհետև ուզում եք և հաճելի է: Վերջին հաշվով՝ ձեր մասին հոգ տանելը, դա նաև հոգատարություն է հարազատների նկատմամբ, չէ որ մյուսներին էներգիա տալու համար առաջին հերթին դուք պետք է էներգիա ունենաք:

3. Ուշադրությունը երեխայից ձեզ վրա տեղափոխեք

Բացառությամբ առաջին ամիսների, երբ մայրն ու փոքրիկը անբաժան կապված են իրար, կարիք չկա անտեսել ձեր պահանջմունքները և կյանքը երեխայի շուրջը կառուցել: Դուք իրավունք ունեք ապրելու ձեր կյանքով, երեխան է, որ պետք է հարմարվի ձեր կենսակերպին: Ապրեք ձեր կյանքով: Ծնողը միակ դերը չէ, և միգուցե նաև՝ ոչ գլխավորը:

4. Մի ձգտեք կատարյալ լինել: Դրա փոխարեն բավական լավ մայր եղեք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ծնողները, որոնք ձգտում են լավագույնը տալ երեխաներին, ավելի շուտ են սպառվում: «Կատարյալին» համապատասխանելու ձգտումը այնքան ուժ է խլում, որ ծնողները սկսում են երեխաների նկատմամբ անտարբեր դառնալ և նույնիսկ դաժան: Հենց «կատարյալ» ծնողներն են սուպերմարկետում գոռում երեխայի վրա. «հերիք է ինձ խայտառակես», քանի որ մանկական հիստերիան չի համապատասխանում իրենց երևակայական նկարած պատկերին:

Հաղթում են նրանք, ովքեր հենց սկզբից են հանձնվում: Նման ծնողներն ընդունում են, որ կատարյալ չեն, իսկ դաստիարակության ունիվերսալ կանոններ չունեն: Ինչ էլ որ անեք, միշտ էլ սխալներ կլինեն: Լավ մայրը պարզապես ամեն բան անում է, ինչ իր ուժերի սահմաններում է, փորձում է կոնտակտի մեջ լինել երեխայի հետ, ընդունելով, որ չի կարող ամեն բան վերահսկել և ամեն բանի համար պատասխանատվություն կրել:

5. Իջեցրեք չափանիշները

Մի համեմատեք ձեզ ինստագրամի մայրերի հետ, վերանայեք սեփական սպասումներն ու ձեր նկատմամբ պահանջները: Ի՞նչը կարելի է մեղմել, ինչը փոխել, իսկ ի՞նչը կարելի է ընդհանրապես չանել: Միգուցե բավական է 2 շաբաթը մեկ տունը մաքրելը, իսկ ամեն օր ճաշ եփելու փոխարեն միգուցե կարելի է երբեմն առաքումով սնունդ պատվիրել: Կամ խնդրեք հարևան տատիկին մի փոքր վճարի դիմաց երեխային պարի տանել, իսկ դուք այդ ընթացքում զբաղվեք ձեզանով:

6. Էներգիայի աղբյուր գտեք

Ձեր կորցրած էներգիան վերականգնելու միջոցներ փնտրեք: Ինչ-որ տեղ գնացեք առանց երեխայի, արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, մի սպասեք, որ հարազատները կռահեն, որ ձեզ օգնություն է պետք, այլ ինքներդ օգնություն խնդրեք: Ձեզ վրա ժամանակ և փող ծախսեք: Երջանիկ մայրը երեխայի համար շատ ավելի կարևոր է, քան հերթական նոր խաղալիքը:

7. Երեխայի հետ կապի մեջ մնացեք

Երբ ձեր ճգնաժամը հետևում մնա, մտածեք այն մասին, թե ինչ կարող եք փոխել երեխայի հետ ձեր հարաբերություններում: Կարևոր է, որ երեխան հասկանա, որ իր ցանկացած զգացմունք, նույնիսկ բացասականները (վախ, խանդ, անվստահություն, լարվածություն, տխրություն) լիովին օրինական են և որ դուք կօգնեք իրեն վերապրել դրանք և հաղթահարել: Քանի որ երեխայի հաջողություն կախված է ոչ թե նյութական պայմաններից, որում նա ապրում է, այլ այն հարաբերություններից, որոնցում գտնվում է:

Оцените статью